Վայ։ Ինչ-որ բան սխալ է

Մենք չկարողացանք ուղարկել ձեր հաղորդագրությունը: Խնդրում ենք ստուգել մուտքագրված տվյալները և կրկին փորձել: Եթե խնդիրը մնում է, կապնվեք մեզ հեռախոսով կամ էլ.փոստով.

Ֆինանսական շուկաներում բրոքերային և պահառուական ծառայությունների մատուցման պայմանագիր

Սույն տեքստը փաստաթղթի կրճատված տարբերակն է։
Իրավաբանական ուժ ունեցող ամբողջական տարբերակը ներկայացված է PDF ձևաչափով։

«ԱՐՄԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ “Ընկերություն”) ի դեմս Գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և  ____________ (այսուհետ՝ “Հաճախորդ”), մյուս կողմից, (Հաճախորդը և Ընկերությունը միասին հիշատակվելու դեպքում այսուհետ՝ “Կողմեր” իսկ առանձին անորոշ հիշատակման դեպքում՝ “Կողմ”), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ “Պայմանագիր”) հետևյալի մասին:

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. Պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ “Օրենք”), դրա հիման վրա Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ով (այսուհետ` Կանոնակարգ 4-07), «Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ով (այսուհետ` Կանոնակարգ 33) ինչպես նաև Ընկերության կողմից հաստատված ներքին կանոններով (այսուհետ`  “Կանոններ”); սահմանված և կիրառվող իմաստը, եթե այլ բան ակնհայտորեն և միանշանակորեն չի բխում կոնկրետ հասկացության կիրառման մասնավոր դեպքից: Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս գերակայությունը տրվում է Կանոններով սահմանված հասկացությունների սահմանմանը:
    2. Կողմերը հաստատում են, որ Հաճախորդի կողմից Ընկերությանն է ներկայացվել հաշվի բացման/տվյալների փոփոխման հայտ, որի հիման վրա կնքվում է սույն պայմանագիրը:
       
  2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
    1. Պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը պարտավորվում է մատուցել Պայմանագրի 2.2 կետով սահմանված ծառայությունները (այսուհետ` “Ծառայություններ”), իսկ Հաճախորդը պարտավորվում է ընդունել Ընկերության կողմից մատուցված ծառայությունները և վճարել դրանց դիմաց։
    2. Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը Հաճախորդին մատուցում է.
      1. Ընկերության "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ով սահմանված բրոքերային ծառայությունները,
      2. Ընկերության "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ով սահմանված հիմնական պահառուական ծառայությունները:
         
  3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    1. Պայմանագրով Կողմերը ձեռք են բերում և ստանձնում են Ընկերության "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ով և "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ով սահմանված իրավունքները և պարտականությունները:
       
  4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
    1. Պայմանագիրը գործում է կնքման պահից սկսած 1 (մեկ) տարի ժամկետով:
    2. Եթե Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 10 (տասը) օր առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր ձևով չի ծանուցում մյուս Կողմին Պայմանագիրը լուծելու իր մտադրության մասին, ապա Պայմանագիրը յուրաքանչյուր անգամ համարվում է երկարաձգված ևս մեկ տարի ժամկետով:
       
  5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
    1. Բրոքերային ծառայությունների դիմաց վարձատրության չափի հաշվարկը և Հաճախորդի կողմից Ընկերությանը վճարումը կատարվում է Ընկերության "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ով սահմանված կարգով:
    2. Պահառուական ծառայությունների դիմաց վարձատրության չափի հաշվարկը և Հաճախորդի կողմից Ընկերությանը վճարումը կատարվում է Ընկերության "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ով սահմանված կարգով:
       
  6. ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԸ
    1. Հաճախորդին բրոքերային ծառայություններով պայմանավորված հաշվետվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, ժամկետները և ձևը սահմանվում են Ընկերության "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ով:
    2. Հաճախորդին պահառուական ծառայություններով պայմանավորված հաշվետվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, ժամկետները և ձևը սահմանվում են Ընկերության "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ով:
       
  7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    1. Սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերի նկատմամբ կիրառվում են Ընկերության "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ով կամ "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ով սահմանված պատասխանատվության միջոցները:
       
  8. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
    1. Կողմերի միջև կապն իրականացվում է Կանոններով սահմանված կարգերով:
    2. Հաճախորդի հետ կապն իրականացվում է իր կողմից ներկայացված հաշվի բացման/տվյալների փոփոխման հայտում նշված կապի միջոցներով, որոնք համարվում են տեղեկատվության փոխանակման հուսալի միջոցներ:
    3. Ընկերության հետ կապն իրականացվում է Ընկերության պաշտոնական կայքում նշված կամ Ընկերության կողմից Հաճախորդին ներկայացված կապի միջոցներով, որոնք համարվում են տեղեկատվության փոխանակման հուսալի միջոցներ:
    4. Պայմանագրի 8.2 և 8.3 կետերում նշված տվյալների փոփոխության դեպքում Կողմը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել մյուս Կողմին և կրում է, մինչև նման տեղեկացումը նախկին կապի միջոցով կատարված ծանուցումները չստանալու, բոլոր բացասական հետևանքները:
       
  9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
    1. Պայմանագրի դադարեցման դեպքում բրոքերային ծառայությունների շրջանակներում Ընկերության տիրապետմանը հանձնված Հաճախորդի դրամական միջոցները  վերադարձվում են Հաճախորդին Ընկերության  "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ով սահմանված կարգով:
    2. Պայմանագրի դադարեցման դեպքում Հաճախորդի արժեթղթերի հաշիվներում հաշվառվող արժեթղթերը վերադարձվում են Հաճախորդին Ընկերության "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ով սահմանված կարգով:
       
  10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
    1. Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված բոլոր վեճերը ենթակա են լուծման կողմերի միջև բանակցությունների միջոցով:
    2. Պայմանագրի 10.1 կետում նշված բանակցությունները սկսելու պահից տասնօրյա ժամկետում վեճը չլուծվելու դեպքում այն ենթակա է լուծման դատարանում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
    3. Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառելի նորմերին համապատասխան:
       
  11. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    1. Պայմանագրի ստորագրմամբ Հաճախորդը հավաստիացնում է, որ.
      1. Իր գրանցման (քաղաքացիության) երկրի օրենսդրությանը համապատասխան պատշաճ գործունակ անձ է և իրավասու է կնքել Պայմանագիր:
      2. Պայմանագիրը ստորագրած անձինք (իրավաբանական անձի դեպքում) իրավունք ունեն ստորագրել այն Հաճախորդի անունից` համաձայն գործող օրենսդրության և Հաճախորդի ներքին իրավական ակտերի, և նման ստորագրությամբ ընդունում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ:
      3. Պայմանագրի համաձայն Ընկերության տիրապետմանը հանձնված Հաճախորդի միջոցները (արժեթղթեր և դրամական միջոցներ) ստացվել են օրինական աղբյուրներից:
      4. Չի իրականացնում միջազգային տնտեսական պատժամիջոցներով արգելված տնտեսական գործունեություն:
      5. Ընկերությունն իրեն հնարավորություն է ընձեռել ծանոթանալու Հայաստանում ներդրումային և պահառության ծառայությունների մատուցումը կարգավորող իրավական ակտերին:
      6. Ընկերությունն իրեն տրամադրել է կանոնակարգ 4-07-ով սահմանված բոլոր տեղեկությունները:
      7. Պատշաճ կերպով կարդացել է Պայմանագիրը, Կանոնները, Ընկերության սակագները, Ընկերության` պատվերների կատարման քաղաքականությունը ինչպես նաև Հաճախորդի և Ընկերության հարաբերություններին առնչվող  հայտարարությունները, ծանուցումները, նախազգուշացումները և այլ փաստաթղթերը որոնք տեղադրված են Ընկերության պաշտոնական կայքում, դրանց հետ կապված հարցեր կամ առաջարկություններ չունի, դրանց բովանդակության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների/բացատրման կարիք չունի և լիովին հասկանում և ընդունում է դրանք, ինչպես նաև համաձայն է, որ դրանք կիրառվեն իր նկատմամբ:
    2. Պայմանագրի ստորագրմամբ Ընկերությունը հավաստիացնում է, որ.
      1. պատշաճ գործունակ անձ է և իրավասու է Հաճախորդի հետ պայմանագիր կնքել,
      2. ունի բոլոր լիցենզիաները և թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են Ծառայությունները մատուցելու համար,
      3. Ընկերության անունից Պայմանագիրը ստորագրող անձինք իրավունք ունեն ստորագրել այն և դրանով իսկ ստեղծել, փոփոխել և դադարեցնել Պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները Ընկերության համար,
      4. չի կնքել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր:
    3. Պայմանագրի ստորագրմամբ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերության կողմից իրականացվի Հաճախորդի, Հաճախորդի լիազորված ներկայացուցիչների և իրական շահառուների անձնական տվյալների` "Անձնական տվյալների պաշտպանության մասին" ՀՀ օրենքով սահմանված մշակում: Հաճախորդը նաև հավաստում է, որ ունի իր լիազորված ներկայացուցիչներին և իրական շահառուներին վերաբերող անձնական տվյալների մասով սույն կետով սահմանված համաձայնությունը տալու համար պահանջվող բոլոր լիազորություններն ու համաձայնությունները:
    4. Պայմանագրի ստորագրմամբ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերության կողմից իր և իր հաշիվների վերաբերյալ տեղեկություններ տրամադրվեն Ընկերությանը արժեթղթերի պահառության, բանկային, աուդիտորական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ Ընկերության համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց:
    5. Պայմանագրի ստորագրմամբ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի ՀՀ հարկային օրենսգրքի գլուխ 80.2-ով սահմանված դեպքերում և կարգով իր և իր հաշիվների վերաբերյալ Ընկերության  կողմից տեղեկություններ տրամադրվեն ՀՀ հարկային մարմնին:
    6. Պայմանագրի ստորագրմամբ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտով սահմանված դեպքերում և կարգով իր և իր հաշիվների վերաբերյալ Ընկերության  կողմից տեղեկություններ տրամադրվեն ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությանը:
    7. Պայմանագրի ստորագրմամբ Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը Հաճախորդին մատուցվող ծառայությունների շրջանակներում Ընկերության տիրապետմանը հանձնված Հաճախորդի դրամական միջոցները և/կամ արժեթղթերը Ընկերության հայեցողությամբ պահպանի ցանկացած բանկում կամ պահառուի մոտ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող:
       
  12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կանոններով սահմանված կարգով կնքված համարվելու պահից:
    2. Պայմանագրի փոփոխություններն ու լրացումները կատարվում են կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կազմելու միջոցով, որը դառնում է Պայմանագրի անբաժանելի մասը:
    3. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանիորեն լուծել Պայմանագիրն՝ այդ մասին մյուս կողմին առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ ծանուցելու պայմանով:
    4. Ընկերության "Բրոքերային (դիլերային) գործունեության կանոններ"-ը և "Պահառության գործունեությունը կարգավորող կանոններ"-ը սույն պայմանագրի անբաժանելի մասն են:
    5. Ընկերության տիրապետմանը հանձնված Հաճախորդի դրամական միջոցների նկատմամբ տոկոսային եկամուտ Ընկերության կողմից Հաճախորդին չի վճարվում, եթե այլ բան սահմանված չէ Կողմերի համաձայնությամբ:
    6. Պայմանագիրը կազմված է հայերենով և անգլերենով, հավասար իրավաբանական ուժ ունեցող 2 (երկու) օրինակներից՝ յուրաքանչյուր կողմին 1 (մեկ) օրինակ: Հայերեն և անգլերեն տարբերակների միջև տարընթերցումների դեպքում գերակայությունը տրվում է հայերեն տարբերակին: